Հայաստանում 290 հազար քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում շուրջ 290 հազար քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով»,- նշել է Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն։ Մտցվել է խիստ սահմանափակումների ռեժիմ՝ ինչպես գործունեության տարբեր տեսակների, այնպես էլ ազատ տեղաշարժի նկատմամբ։ Այդ պայմաններում բանկերն ու ֆինանսական տարբեր կազմակերպություններ հայտարարեցին վարկային արձակուրդ տրամադրելու մասին՝ մեկ կամ երկու ամսով։