Ծաղկաձորի ճոպանուղու տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող «Լեռնատուր» ՍՊԸ –ի տնօրինությունը թաքցրել է իրական շահույթն ու տոմսավաճառներին հանձնարարել է հաճախորդներին ՀԴՄ կտրոններ չտրամադրել։

Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող «Լեռնատուր» ՍՊԸ  տնօրենին մեղադրանք է առաջադրվել ու հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով ( օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը՝) և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելը) նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել 2008թ-ի դեկտեմբերից մինչև 2017թ. սեպտեմբեր «Լ...>> ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած Ա.Պ.-ին»,– նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ 

Դատախազությունը պարզել է, որ Ճոպանուղին շահագործող ընկերությունը 2008-2016թթ-ին ստացել է 1 985 273 178 ՀՀ դրամի շահույթ, բայց պակաս է ցույց տվել` արդյունքում` պետությանը պատճառելով  476 465 563 ՀՀ դրամի վնաս։

Բացի այդ, պարզվել է, որ ընկերության տնօրինությունը տոմսավաճառներին հանձնարարել է ՀԴՄ կտրոններ չտրամադրել, կամ տրամադրել միայն  հաճախորդի պահանջի դեպքում։

Բացահայտված փաստերի հիմքով դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան ընկերության տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Բայց նա առայժմ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք` Ծաղկաձորի ճոպանուղին վերանորոգելու ու վերագործարկելու համար այն կառավարության որոշմամբ հանձնվել էր ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին։ Կոմիտեն այն նվիրաբերության պայմանագրով պետության անունից  հանձնել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին`վերջինի հիմնադրած առևտրային կազմակերպության կողմից մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը Ճոպանուղին վերակառուցելու և շահագործելու պայմանով:

Շինարարությունից հետո 2005թ. մարտի 1-ին կնքված պայմանագրով ՀԱՕԿ-ը Ճոպանուղին հավատարմագրային կառավարման էր հանձնել նույն այդ  ընկերությանը՝ մինչև 2008թ–ը։ Իսկ 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված մեկ այլ պայմանագրով՝ ճոպանուղին 2009թ.-ից մինչ օրս հանձնվել է «Լեռնատուր» ՍՊԸ–ին։ Ի դեպ, նշենք, որ այս ընկերւթյան սեփականատերերից մեկը հենց ՀԱՕԿ–ն է։

Համաձայն, ՀՀ պետական ռեգիստրում հրապարակված տվյալների` 2008 թ–ի դեկտեմբերի 3-ին գրանցված ընկերության հիմնադրներն են ՀԱՕԿ–ն ու «Հասպեր Վենչըրս » ընկերությունը, որոնցից յուրաքանչյուրին պատկանում է «Լեռնատուր» ՍՊԸ–ի 50 տոկոս շահաբաժինը։


Աղբյուրը` armeniasputnik.am

 

Անվտանգ սնունդ երկարակեցության համար

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009