Նախարարն ակնկալում է առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ

Հայաստանը 2019-ի տարեկան արդյունքներով կունենա առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Շատ լավ տարի ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա: Նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք: Առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 11 ամսում կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով: Ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9,2 տոկոս աճ, շինարարությունը 4,5 տոկոս և արտահանումն աճել է 9 տոկոսով: Սա նշանակում է, որ չնայած տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, բայց արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Խաչատրյանը:

Նա սա չափազանց կարևոր ձեռքբերում համարեց վերջին 1,5 տարվա աշխատանքների ամփոփման արդյունքում: