Օրվա կադր. ինչպես են տանում «Էրեբունի պլազայում» կրակողին. տեսանյութ

«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած տղամարդուն ոստիկանություն տեղափոխելիս ձեռնաշղթա չէին անցկացրել, հավանաբար, որ աղմուկ չբարձրանա։

Yerevan.Today կայքի` «Էրեբունի պլազայի» ներսից արված ուղիղ եթերում կա կադր, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, երևում է շենք մտած ու կրակոցներ արձակած անձը։

Կադրում երևում է` ինչպես է տղամարդը ոստիկանների ուղեկցությամբ նստում ոստիկանական մեքենան։ Տղամարդուն ձեռնաշղթա չէին անցկացրել, հավանաբար, որ աղմուկ չբարձրանա։ Հենց դրանից հետո բացեցին տարածքն ու լրագրողներին թույլատրեցին մոտենալ կառույցին։

Կայքի օպերատորը, որն ուղիղ եթերն էր ապահովում, այդ պահին ասաց` տարան, տարան։

Իսկ մեկ ուրիշի հարցին, թե ի՞նչ գիտի, որ նա է կրակոցներ արձակած տղամարդը, օպերատորն ասաց. «Ճանաչեցի, տեսա, որ վերելակը բացվեց, դիմացս դուրս եկավ, այդ տղան էր»։

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ են հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ է ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբերը։

Տեղեկություններ տարածվեցին, որ կրակոցներ արձակած անձը պատանդ է վերցրել։ Ոստիկանությունն ավելի ուշ հերքեց այդ լուրը։ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կրակողի հետ բանակցում է անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ «Նախնական տեղեկություններով` խոսքը մեկ մարդու մասին է։ Ոստիկանապետը բանակցում է նրա հետ։ Զենքը հանձնել է»,– ասաց նա։

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Հավելենք, որ ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ կրակոցներ արձակած տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Աղբյուրը` armeniasputnik.am