Գիտելիքը՝ լավագույն ներդրում. հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է

Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հռչակված Կրթության միջազգային օրվա կապակցությամբ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության Ֆեյսբուք-ի էջում գրել է, որ կրթությունը լավագույն ներդրումն է, որ կարող ենք ունենալ մեր հաջողության համար:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ տարիներ հետո Հայաստանի կրթական համակարգը կարողանա ապահովել մեր երկրի տաղանդավոր անհատների լավագույն ապագան: Համակարգային բարեփոխումներ սկսել ենք տարբեր մակարդակներում`նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, բարձրագույն կրթություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Հարությունյանը:

Նա շեշտել է, որ սպասվող փոփոխությունների մասին դեռ շատ են խոսելու, իսկ մինչ այդ պետք է օգտագործել անսպառ հնարավորությունները ամեն օրը մի նոր բան սովորելու համար: