Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար․ սա իմ խաչն է, որ պետք է տանեմ․ ՍԴ նախագահ (տեսանյութ)

14:10
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրվա իշխանություններն ունեն մեկ նպատակ՝ արագ ձերբազատվել իրենից․ «Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար․ սա իմ խաչն է, որ պետք է տանեմ»։


13։44
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ քննիչները ՍԴ նախագահի բնակարանում չեն հայտնաբերել այն փաստաթղթերը, որոնք փնտրում էին։


11։37

Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկությունը դեռևս չի սկսել․ «Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես, հնարավորություն չի տրվում պարոն Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ»,-ասաց նա և նշեց, որ իրենք  համապատասխան միջնորդություն են ներկայացրել:


10։00
Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ ՀՔԾ-ն դիմել է դատարան Հրայր Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։  Ըստ հրապարակման՝ առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, և վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել է այն։ Արդյունքում, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը և համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։

Հիշեցնենք նաև, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրված։

  Աղբյուրը` tert.am