ՊԲ-ում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Փետրվարի 14-ին ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու հատկանիշներով) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Աղբյուրը՝  tert.am