Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով

Samsung Electronics ընկերությունը երկու օրով կփակի հարավկորեական Կյոնսան-Պուկտո նահանգի Կումի քաղաքում գտնվող իր գործարանը՝ կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` YTN հեռուստաալիքի հղումով:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով ընկերության 28-ամյա աշխատակցուհին ենթադրաբար վարակվել է իր ընկերոջից, որը փետրվարի 9-ին և 16-ին այցելել է «Սինչխոնչժի» աղանդավորական եկեղեցի:

Փետրվարի 22-ին գործարանի աշխատակիցներին հաղորդագրություն է ուղարկվել, որ գործարանը չի աշխատի մինչև փետրվարի 24-ը: Մինչև փետրվարի 25-ը կարգելվի մուտքը այն հարկաբաժին, որտեղ աշխատել է 28-ամյա աղջիկը: Գործարանի աշխատակիցներին խորհուրդ են տվել չայցելել հասարակական վայրեր և կրել դիմակներ:

Ենթադրվում է, որ վարակի շղթան սկսվել է «Սինչխոնչժի» աղանդավորական եկեղեցու 61-ամյա այցելու կնոջից, որը հրաժարվել էր կորոնավիրուսի թեստ անցնել: Հիվանդ վիճակում նա այցելել է այդ եկեղեցի, որտեղ ավելի քան 1000 մարդ է եղել: Հաղորդվում է, որ այս եկեղեցու անդամներից կորոնավիրուսով վարակվելու 231 դեպք է գրանցել:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է 75,891 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ: Վերջին տվյալների համաձայն` Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1361 նոր դեպք: 113 500 մարդ, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Աղբյուրը` tert.am