Չորս հետաքրքիր փաստ ալերգիաների մասին, որոնք քչերին են հայտնի

Ալերգիաները բավական տարածված խնդիր են, որոնց բախվում են միլիոնավոր մարդիկ։ Գիտական տեսանկյունից՝ ալերգիան իմունային համակարգի պատասխանն է անվնաս թվացող տարրին, որը տվյալ օրգանիզմի համար այդքան էլ անվնաս չէ։

Սա պայմանավորված է լինում նրանով, որ լեյկոցիտները, որոնք պաշտպանում են մարդու օրգանիզմը, ակտիվանում են՝ բախվելով իմունոգլոբուլին E-ին (IgE), ինչն էլ հանգեցնում է սաստիկ բորբոքման։

Առհասարակ ալերգիաների այս կամ այն դրսևորմանը շատերն են բախվում, սակայն այնուամենայնիվ այս տարածված խնդրի մասին կան մի շարք արտասովոր փաստեր, որոնք ոչ բոլորին են հայտնի։ Մասնագետները ներկայացրել են այդ փաստերից ամենահետաքրքիրները։

Սննդային ալերգիաների դեպքերի 90%-ը պայմանավորված է լինում սննդամթերքի ընդամենը 8 տեսակով

Գոյություն ունի ավելի քան 170 մթերք, որոնք կարող են հզոր ալերգեն հանդիսանալ ու դառնալ ալերգիկ ռեակցիայի պատճառ, սակայն այնուամենայնիվ սննդային ալերգիաների շուրջ 90%-ը պայմանավորված է լինում դրանցից ընդամենը ութով։ Առավել հաճախ ալերգիներ են առաջացնում կաթը, հավկիթը, գետնանուշը, պնդուկը, ցորենը, սոյան, ձուկն ու փափկամարմինները։

Ալերգիան տարիքի հետ կարող է «բուժվել»

Տարիքի հետ ալերգիաներից հնարավոր է ազատվել, սակայն ամեն ինչ կախված է դրա բարդության աստիճանից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների 60-80%-ը կարող են մինչև 16 տարին լրանալն ազատվել կաթով կամ հավկիթով պայմանավորված ալերգիայից, մինչդեռ գետնանուշից ալերգիա ունենալու դեպքում երեխաների միայն 20%-ին է հաջողվում տարիքի հետ ազատվել խնդրից։ Էլ ավելի բարդ է լինում խնդիրը պնդուկից, ձկներից ու փափկամարմիններից ալերգիա ունենալու դեպքում. այս դեպքում ժամանակի ընթացքում ալերգիաներից հաջողվում է ազատվել երեխաների միայն 14, 4 և 5 տոկոսին համապատասխանաբար։

Տզի խայթածը կարող է դառնալ մսից ալերգիայի պատճառ

Մարդիկ բազմիցս հայտնել են, որ Amblyomma americanum տզի խայթոցից հետո իրենց մոտ ի հայտ է եկել ալերգիա կարմիր մսից, մասնավորապես՝ խոզի մսից և տավարի մսից։ Բարեբախտաբար, Հայաստանի տարածքում տզերի այս տեսակը չի բնակվում, ուստի անհնգստանալու պատճառ չկա։

Գոյություն ունեն մարդիկ, որոնք ալերգիա ունեն ջրից

Զարմանալի է, սակայն աշխարհում իսկապես կան մարդիկ, որոնք ջրից ալերգիա ունեն։ Խոսքն ակվագեն եղնջացանի մասին է, որի դեպքում մաշկային տհաճ ռեակցա է առաջանում ջրի հետ շփման դեպքում։ Առավել հաճախ ալերգիկ ռեակցիա է առաջանում անձրևի հետևանքով կամ ջրի հետ մաշկի այլ շփման դեպքում։

Աղբյուրը` tert.am