ՀՀ զինված ուժերը նշում են ռազմաավիացիոն ուժերի օրը

ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է, որ այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 28-րդ տարեդարձը: 

«Տոնի առիթով շնորհավորում ենք հերոսական ուղի անցած զորատեսակի օդաչուներին ու սպասարկող անձնակազմին, նաև՝ բոլորի՛ս, և ցանկանում խաղաղ երկինք։

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում»,- գրել է Ստեփանյանը։

1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ վարչությունը: 1992թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացվել է ՀՕՊ-ի վարչությունից և դարձել առանձին կառույց, ստեղծվել են առանձին ավիացիոն զորամասեր և ստորաբաժանումներ: Հետագա տարիներին` բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվել են ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս զինված ուժերի ավիացիայի վարչությունն իր ենթակա ստորաբաժանումների միջոցով առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ ու իրենից ներկայացնում է կայացած ու ներդաշնակ մի կառույց:

Այսօր արդեն ՀՀ զինված ուժերում պատրաստվում են հմուտ և փորձառու օդաչուներ: 1992-ին Պաշտպանության նախարարությանը փոխանցված ԴՕՍԱԱՖ-ի աերոակումբի և «Արզնի» օդանավակայանի վերակազմավորման միջոցով 1993թ.-ի ապրիլին հիմնվել է ՀՀ առաջին ռազմաուսումնական հաստատությունը՝ ավիացիոն ուսումնական կենտրոնը: 1994-ին ուսումնական կենտրոնը տեղափոխվեց իր ներկայիս տեղակայման վայր և 2001-ին ուսումնարանի հիմքի վրա ստեղծվեց ռազմաավիացիոն ինստիտուտը: 2005թ.-ին, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի, ինստիտուտը պաշտպանության նախարարի հրամանով անվանակոչվեց մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ: Առկա ուսումնամեթոդական և լաբորատոր բազան հնարավորություն տվեց բացի ավիատորներից պատրաստել նաև կապի և ՀՕՊ մասնագետներ: 2016թ.-ին ռազմաուսումնական հաստատությունը ստացավ համալսարանի կարգավիճակ:

Ռազմական օդաչուներն այսօր կատարում են ամենատարբեր առաջադրանքներ` ՀՕՊ ստուգողական թռիչքներ, ամենաբարդ եղանակային պայմաններում զինծառայողների տեղափոխում հոսպիտալներ, ընդգրկվում են մարտական կրակով անցկացվող զորավարժություններում:

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մասնագետները մշտապես հաջողությամբ համագործակցում և վերապատրաստվում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի և զորավարժությունների շրջանակներում։ ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: