Մարկ Ցուկերբերգը վերջին մի քանի օրերին 7,2 մլրդ դոլար է կորցրել․ Bloomberg

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերջին մի քանի օրերին 7,2 մլրդ դոլար է կորցրել, քանի որ մի շարք խոշոր ընկերություններ հրաժարվել են գովազդ տեղադրել սոցցանցում, գրում է Bloomberg գործակալությունը։

Մի քանի խոշոր ձեռնարկություններ, այդ թվում՝ Coca-Cola-ն, Verizon-ը և Unilever-ը, հայտարարել են Facebook-ում գովազդի տեղադրման դադարեցման մասին՝ ատելության, այլատյացության, հակասեմական և նմանատիպ բովանդակությամբ գրառումների անբավարար վերահսկողության պատճառով:

Գործակալությունը նշում է, որ հունիսի 16-ին Facebook-ի բաժնետոմսերը նվազել են 8,3 տոկոսով։ Bloomberg Billionaires Index միլիարդատերերի վարկանիշի համաձայն՝ Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 7,21 մլրդ դոլարով և այժմ կազմում է 82,3 մլրդ դոլար: Գործարարը դուրս է մնացել առաջատարների եռյակից․ նրանից առաջ է անցել LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն (88 մլրդ դոլար): Առաջին տեղում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն է (161 մլրդ դոլար), երկրորդում՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (111 մլրդ դոլար):

Աղբյուրը` tert.am