Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Օգոստոսի 9-ին Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկ երկրամասի Վլադիվոստոկ քաղաքում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի շրջանակներում ռուսական «Brams Oil» ընկերության նավերից մեկը անվանակոչվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով:

Միջոցառման պաշտոնական մասում ներկա էին Պրիմորսկ երկրամասի փոխնահանգապետ Ելենա Բրոննիկովան և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Հայ-ռուսական դարավոր կապերը անքակտելի են, և մենք ձեզ հետ միասին այս պահին պատմական իրադարձության ականատես ենք, քանի որ Ռուսաստանի հեռավոր դասպասներից մեկի մոտ մենք ինչ-որ առումով հավերժին ենք հանձնում հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակը: Առնո Բաբաջանյանը իր ստեղծագործություններով փառաբանել է մեր ընդհանուր՝ հայկական, սովետական, ռուսական մշակույթը: Ասում են՝ ինչպես անվանես նավը, այնպես էլ այն կնավարկի: Ես վստահ եմ, որ այս նավը նավարկելու է խաղաղությամբ, սիրով, Աստծով, քանի որ այդպիսին է Բաբաջանյանի ժառանգությունը, որը նա թողել է մեզ»,- իր ողջույնի խոսքում ընդգծեց դեսպան Տողանյանը:

Առնո Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունը իրականացվում է Առնո Բաբաջանյանի 100 ամյակին ընդառաջ, որը տեղի կունենա 2021 թվականի հունվարին:

«Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված միջոցառումները բազմազան են լինելու, և նավի անվանակոչումը դրանցից մեկն է: Հունվարին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը, տեղի կունենա մեծ գալլա համերգ Մոսկվայի Մեծ թատրոնում, իսկ մինչ այդ մենք զբաղված ենք Երևանում նրա թանգարանի հիմնադրման գործերով: Ցավոք, առողջական խնդիրների պատճառով Մոսկվա-Վրադիվոստոկ երկար ճանապարհը չկարողացավ հաղթահարել կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը, սակայն, այստեղ ներկա են Հայաստանի դեսպանը, Պրիմորսկ երկրամասի պաշտոնական ներկայացուցիչները, մեր հիմնադրամի նախագահները»,- փոխանցեց Արմեն Սարգսյանցը:

Նավն արդեն պատրաստ մեծ նավարկության և շուտով օվկիանոսների ալիքները կհաղթակարի Առնո Բաբաջանյանի անմահ երաժշտության հնչյունների տակ: Հիշեցնենք, որ Առնո Բաբաջանյանի անունն է կրում նաև ռուսական «Աէրոֆլոտ» ընկերության օդանավերից մեկը:

Աղբյուրը` armtimes.com