ՀՀ զինվորական դատախազը հանդիպումներ է ունեցել Արցախ կատարած այցի ընթացքում

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային
այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և
քննարկումներ:
Մասնավորապես՝ ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ
Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունները դադարեցնելու
մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ԱՀ-ում զինված ուժերի և կայազորների զինվորական
դատախազությունների գործակցության, հաստատված նոր իրադրության պայմաններում կայազորների
դատախազությունների բնականոն գործունեության ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:
Վահե Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ ԶՈւ հարավային
ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինի և Արցախի
Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ
Մուրադովի հետ:
Քննարկվել են Արցախում ներքին հանրային բնականոն կյանքի վերականգնման, հումանիտար
ճգնաժամի վերացման, արցախցիների կյանքի, տեղաշարժի և մյուս կենսական իրավունքների պաշտպանության,
անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքները, այդ
շրջանակներում իրավական ոլորտում համագործակցության կառուցակարգերն ու եղանակները: Անդրադարձ է
կատարվել նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմին իրավական աջակցության
ցուցաբերման, զինծառայողների իրավասությունների և պարտականությունների շրջանակներին առնչվող
հարցեր:

Нет описания.

ՀՀ գլխավոր դատախազություն