Գործադրվում են բոլոր ջանքերը հետպատերազական ծանր շրջանի հետևանքները վերացնելու համար. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ գործադրվում են բոլոր ջանքերը հետպատերազական ծանր շրջանի հետևանքները վերացնելու համար.

«Արցախի և Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազական ծանր շրջանի հետևանքները վերացնելու և անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այդ ամենի կյանքի կոչումը պահանջում է որոշակի ժամանակ, ուստի խնդրում եմ ՀՀ այն տնտեսվարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթևան ընտանիքների, այս ընթացքում ևս շարունակեն պահել իրենց հարկի տակ:

Շնորհակալություն հայտնելով այս ողջ ընթացքում ցուցաբերած անշահախնդիր աջակցության ու պատրաստակամության համար և շատ լավ հասկանալով ստեղծված դժվար իրավիճակը նաև հյուրընկալ սուբյեկտների համար՝ կեցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ սննդով ապահովումը, Արցախի Կառավարությունը պատրաստ է վերցնելու իր վրա:

Կառավարության կողմից լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ-ում գործող Արցախի Կառավարության օպերատիվ շտաբը (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065) : Խնդրում եմ կառույցի հետ կազմակերպել բոլոր քննարկումները՝ նշված խնդիրներին օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով:

Բնակարաններից զրկված և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր, այնուամենայնիվ, կեցության հետ կապված խնդիրներ կունենան, խնդրում եմ անպայման դիմել օպերատիվ շտաբին»: