Ես իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում. Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանն, ով այսօր դադարեցրել է պաշտոնավորումը որպես պաշտպանության նախարար, հավաստիացնում է, որ Պաշտպանության նախարարության և զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության, հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով:

«Կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գործում», - իր ուղերձում նշել է նախկին նախարարը:

Միաժամանակ նա նկատել է` իր գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը: «Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը», - շեշտել է Տոնոյանը:

Այս պահին պաշտոնավարումը դադարեցնելը կրկնակի դժվար է, նշել է Տոնոյանը` շարունակելով. «Քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»:

Նախկին նախարարը նաև ներողություն է խնդրել այն մարդկանցից, ում տածած հույսերը չհաջողվեց ամբողջովին արդարացնել: «Բայց ես իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում», - եզրափակել է նա:

Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը:

Աղբյուր՝ azatutyun.am