Աննա Հակոբյանը շրջայց է կատարում հումանիտար օգնության կայաններում

ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուների ուղեկցությամբ այս օրերին շրջայց է կատարում ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբին կից, ՀՀ ԱԻՆ-ի վերահսկողությամբ և վարչական շրջանների միջոցով կազմակերպված, ինչպես նաև անհատ բարերարների, կամավորների ջանքերով գործող հումանիտար օգնության կայաններում:

Տեղում ծանոթանալով կատարված աշխատանքին՝ գնահատվում են այս պահին խիստ անհրաժեշտության կարիքները, որ կազմակերպվեն դրանց ձեռքբերումն ու հասցեական բաշխումը:

Այսօրվա համար պարզ դարձավ, որ առաջացել է մանկական տակդիրների, կերերի և մսամթերքի պակաս, որի լրացումն արագ կազմակերպվեց: Բացի այդ, Հիմնադրամի սոցիալական ոլորտի աշխատակիցները կապ են հաստատում Երևանի վարչական շրջաններում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքների հետ, լսում նրանց, ուսումնասիրում ստացած օգնության բավարարությունը, գրանցում կարիքները, որ առավել արդյունավետ կազմակերպվի հումանիտար աջակցությունը և դրա շարունակականության ապահովումը:

Շրջայցերը շարունակական են լինելու՝ մինչև տրվի ապրելու համար առաջին անհրաժեշտության բոլոր կարիքների լուծումը:

Տիկին Հակոբյանն իր երախտիքն է հայտնում այն անհատներին, կազմակերպություններին, որ պատերազմի թեժ օրերին՝ թշնամու առաջին կրակոցից սկսած, ինքնակազմակերպվեցին, բռունցք դարձան ու սատար կանգնեցին արցախցուն:

«Կեցցե՛ք, շնորհակալ ենք», - այսպես է տիկին Հակոբյանն ավարտում իր զրույցը կամավորների հետ հանդիպումների ժամանակ: