Տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են. ՊԵԿ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը  տեղեկացնում է, որ չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբեր ամսվա գործարքների փաստաթղթավորման ծավալը Հայաստանի Հանրապետությունում նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով կամ 3.2 %-ով: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են: Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: