Ղրիմի պատկանելության հարցով ՌԴ-ն և Թուրքիան հակառակ տեսակետներ ունեն

Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը, այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջեւ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղրիմը լուրջ տարաձայնությունների հարց է, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք: Մենք կշարունակենք մեր թուրք գործընկերներին հասցնել Ղրիմի հարցում մեր հետևողական դիրքորոշումը»,-ընդգծել է Պեսկովը:

Նա նաև հիշեցրել է, որ Ղրիմի թերակղզու պատկանելության հարցի վերանայումը ոչ մի կերպ չի կարող քննարկվել: 

Պեսկովի խոսքով ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարեւոր են երկու երկրների համար, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության տեսանկյունից: 

«Այդ հարաբերությունները փոխշահավետ բնույթ են կրում և հիմնված են միմյանց ներքին գործերին չմիջամտելու եւ միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: