Էրդողանը սիրիացի զինյալներին այս անգամ ուղարկում է Քաշմիր

Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արևելյան Սիրիայի իր զինյալներին ուղարկում է Հնդկաստանի և Պակիստանի միջև վիճելի տարածք համարվող Քաշմիր: Այս մասին գրում է India Today պարբերականը` հղում տալով հույն լրագրող Անդրեաս Մունցուրալիասի «Էրդողանը վարձկաններին ուղարկում է Քաշմիր» զեկույցին, որում հույն լրագրողը շարադրել է Թուրքիայի նախագահի ծրագրերը:
Զեկույցի համաձայն՝ սա Անկարայի փորձի մի մասն է, որն ուղղված է Հարավային Ասիայի մահմեդականների վրա ազդեցության տարածմանը, ինչն էլ նպատակ ունի ձեռնոց նետել Սաուդյան Արաբիայի աճող ազդեցությանն իսլամական աշխարհում:
Պակիստանը ծրագրի երկրորդ երկիրն էր, քանի որ Անկարան և Իսլամաբադը պատրաստվում են Պակիստանի պաշտպանության նախարարության ցամաքային ստորաբաժանումների և օդանավերի մշտական ներկայությունն ապահովել թուրքական «Միջերկրական ծովի վահան» գործողության ընթացքում, որով Էրդողանը հույս ունի խլել հունական հողերը:
Նշվում է, որ Սիրիայի զինյալների «Սուլեյման շահ» անվամբ բրիգադի հրամանատար Աբու Էմսան իր զինյալներին տեղեկացրել է, որ Էրդողանը ցանկանում է ամրապնդել Քաշմիրը:
Նա տեղեկացրել է, որ բրիգադներից առանձնացող և Քաշմիր մեկնող զինյալները կստանան 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձ, նա նշել է նաև, որ Քաշմիրը Լեռնային Ղարաբաղի պես լեռնային վայր է:
Միևնույն ժամանակ, Նյու Դելիում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը հայտարարել է, որ «այս հաղորդագրություններն անհիմն են և կեղծ»:

Աղբյուր՝ tert.am