ԱԳ նախարարը խնդրում է հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը՝ նշելով, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:  

«Հայ դիվանագիտությունը եղել և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորն ու անհնարինը` իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը: Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ դրանց արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն: Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից, խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը»,- ասել է Այվազյանը:

«Ցանկացած փորձ` հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը: Հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն»,- նշել է Այվազյանը: