«Գերիների փոխանակումը լինելու է, և մեր տղաները վերադառնալու են տուն». Արմեն Գրիգորյան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որի հորդորով արվեստագետները հայ գերիներին վերադարձնելու նպատակով նամակներ էին հանձնում ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ, կարծում է, որ իրենք արել են այն, ինչ պարտավոր էին անել: Նա վստահ է՝ գերիների փոխանակման գործընթացը շուտով իրականություն է դառնալու:

«Արմենպրես»-ի թղթակից հետ զրույցում Գրիգորյանը հիշեցրել է, որ նամակներ հանձնելուց հետո արձագանք են ստացել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:

«Դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ռազմագերիների վերադարձի հարցն իրենց կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ տեղյակ է՝ նամակ ենք հանձնել դեսպանատուն և շեշտել, որ գերիների հարցով անձամբ Վլադիմիր Պուտինն է զբաղվում»,-նշել է Գրիգորյանը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը  համաձայնվել են փոխանակել գերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

«Այս գործընթացն ընթացքում է, և ես համոզված եմ, որ շատ շուտով գերիների փոխանակումը կկատարվի: Այդ հարցում մենք չնչին լումա ունենք, թե ոչ այնքան էլ էական չէ. կարևորը՝ փոխանակումը լինելու է, և մեր տղաները վերադառնալու են տուն: Արվեստագետներն արել են այն, ինչ պարտավոր էին անել և հիմա հետևում են իրադարձություններին և  չեն միջամտում՝ չխանգարելու համար»,-ընդգծել է նա: