ՌԴ-ում անցկացված սոցհարցման մասնակիցների 72%-ը հետաքրքրված է ԼՂ հակամարտությամբ

Ռուսաստանում անցկացված սոցհարցման մասնակիցների 72%-ը հետաքրքրված է ԼՂ հակամարտությամբ: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 13-ը: Մասնակցել է 18 տարեկանից բարձր 1600 անձ: 

Հարցման մասնակիցների միայն 26%-ն է ասել, որ չի հետաքրքրվում Արցախյան պատերազմով: Հարցվածների 12%-ի կարծիքով՝ պատերազմը սկսել է Ադրբեջանը, 6%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ը,  5%-ը կարծում է, որ այն սկսել է Թուրքիան: Սոցհարցման մասնակիցների 41%-ը համոզմունք է հայտնել, որ հրադադարի համաձայնագիրը օգուտ է բերել երկու կողմերին էլ: 64%-ի կարծիքով՝ հրադադարի հաստատման գործում հիմնական դերակատարումն ունեցել է Ռուսաստանը, իսկ 16%-ի կարծիքով՝ Մոսկվան խաղացել է երկրորդական դեր: 

Հարցման մասնակիցների 39%-ը կարծում է, որ Արցախում հետագա իրադարձությունները կընթանան խաղաղ, և պատերազմը չի կրկնվի: 12%-ի կարծիքով՝ առաջիկայում մարտական գործողությունները կվերսկսվեն, իսկ 31%-ը կարծում է, որ պատերազմը կվերսկսվի, սակայն ոչ առաջիկայում:

Աղբյուր՝ 1lurer.am