Մենք բավարարված ենք, որ հրադադարն արդեն մեկ ամիս է՝ պահպանվում է. Սերգեյ Լավրով

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցությունները ինչպես միշտ ջերմ, դաշնակցային և գործընկերային մթնոլորտում անցան, ինչպիսիք են Մոսկվայի և Երևանի հարաբերությունները: Այս մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ, ՊՆ և մեր մյուս գործընկերների հետ քննարկեցինք նոյեմբերի 9-ին երկրների ղեկավարների կողմից համատեղ հայտարարության ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը: Քննարկեցինք նաև, թե ինչ խնդիրներ են առաջ եկել բոլորիս համար՝ ԼՂ խնդրի ամբողջական կարգավորման, ինչպես նաև ՀՀ և ՌԴ երկկողմ հարաբերությունների համար: Մենք ունենք միասնական դիրքորոշում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ԼՂ հակամարտության համար ստեղծում է բոլոր անհրաժեշտ հիմքերն արդարության հիման վրա՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերը հաշվի առնելով:

Մենք բավարարված ենք, որ հրադադարն արդեն մեկ ամիս է՝ պահպանվում է: Վերադառնում են փախստականները, տեղաշարժ կա գերիների և աճյունների փոխանակման, անհայտ կորածների որոնման հարցերում:

Մենք նաև շահագրգռված ենք, որպեսզի այդ սուր հումանիտար հարցերը կարգավորվեն հնարավորինս շուտ, և այդ ուղղությամբ մենք արդեն նախանշել ենք մի քանի քայլ:

Քննարկել ենք նաև հումանիտար արձագանքման կենտրոնի հարցերը: Դա նախագահ Պուտինի նախաձեռնությունն էր: Մենք առաջարկել են այն դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Այժմ քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Կենտրոնի գործունեության մեջ ներգրավված են լինելու ՌԴ բազմաթիվ նախարարություններ և գերատեսչություններ»,- հավելել է Սերգեյ Լավրովը:

Աղբյուր՝ 1lurer.am