Մեքենա վարելիս ծխելու դեպքում վարորդները կզրկվեն մեկ միավորից. օրենքի նախագիծ

Խորհրդարանում քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

«Նախատեսվում է լրացնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու մասին պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, վարելու իրավունք չունեցող անձի դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն:

Առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կզսպեն զույգ հաշվառման համարանիշներ ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու վարորդների գայթակղությունը: Նախատեսվում է նույն արարքը տույժի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում առավել խիստ պատասխանատվություն, այն է՝ վարելու իրավունքից զրկում մեկ տարով»,- տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Ըստ նրա՝ նախատեսվում է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ մեկ տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վարելու ընթացքում ծխելու համար:

Աղբյուր՝ 1lurer.am