«Հայաստանը շատ մոտ է իմ սրտին». վերաթողարկվել է օպերային գերաստղ Մոնսերատ Կաբալյեի ալբոմը

«Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների ջանքերով վերաթողարկվել է օպերային գերաստղ Մոնսերատ Կաբալյեի «The Island of Christianity: Armenia and Artsakh» (Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ) ալբոմը: Սկավառակում ներառված է 10 երգ, այդ թվում Կոմիտասի «Կռունկ», «Չինար ես» ստեղծագործությունները, որոնց գործիքավորումն իրականացրել է Ջոն Մետկեֆը, կատարում է  Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը տեղեկացրել է, որ վերաթողարկված ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Լա Պալմա կղզում 130 հյուրի մասնակցությամբ:

Իսրայելյանը հիշեցրել է, որ 2013-ին են թողարկել ալբոմը սահմանափակ քանակությամբ, հետո որոշել են վերաթողարկել և լայն վաճառք իրականացնել: Որոշ հանգամանքներ խոչընդոտել են, և գաղափարը կյանքի կոչել չի ստացվել: Մոնսերատ Կաբալյեի մահվանից հետո ալբոմի վերաթողարկման հարցր բարձրացրել է երգչուհու եղբայրը: «Նա ասաց՝ ափսոսում է, որ գեղեցիկ պրոյեկտը լայն տարածում չի գտել և առաջարկեց վերաթողարկել այն: Սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ ու առաջ եկավ նաև Հայաստանում «Սթարմուս» փառատոնը կազմակերպելու միտքը: Պատերազմից հետո արագացրինք թողարկման գործընթացը: Ցանկանում ենք ալբոմը հանել գլոբալ վաճառքի»,-պատմել է Գարիկ Իսրայելյանը:

Այժմ ալբոմի վաճառքը միայն օնլայն է, բայց նախատեսում են տարբեր հարթակներում այն ներկայացնել և շնորհանդեսներ կազմակերպել աշխարհի մի շարք երկրներում՝ համագործակցելով հայկական համայնքների, արվեստի գործիչների հետ:   

2013 և 2014 թվականներին Մոնսերատ Կաբալյեն այցելել էր աշխարհի հնագույն եկեղեցիներ և վանական համալիրներ: Նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: Նա ելույթ է ունեցել Երևանում և Ստեփանակերտում, ձայնագրել երգեր, որոնցից մի քանիսը՝ հայերեն լեզվով:

Կաբալյեն շատ տպավորվել է այն ամենով, ինչ տեսել է Հայաստան և Արցախ կատարած այցի շրջանակում՝ հնագույն քրիստոնեական հուշարձաններ, ինչպիսիք են Սուրբ Էջմիածնի տաճարը և Ամարասը: «Հայաստանը շատ հեռու է գտնվում ինձանից, բայց շատ մոտ է իմ սրտին: Լինելով մինչև գլխի ոսկորները քրիստոնյա՝ ես սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին»,- ասել է երգչուհին: Ալբոմը, որը լույս է ընծայվել նրա այցի արդյունքում, երգչուհին անվանել է «The Island of Christianity: Armenia and Artsakh» (Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ):

Աղբյուր՝ «Արմենպրես»