Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառը Հանրային հեռուստաընկերությունից ստացած առաջարկն է՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը.

«Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարեւոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:

Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավագանու խմբակցություններին եւ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույնս օգտակար լինել հանրությանը»:

Այս մասին Տիգրան Վիրաբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: