Հին Շեն գյուղում ՊԲ-Ի և ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում է իրավիճակը. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ակնհայտորեն խախտել են ոչ միայն քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին Շեն գյուղի բնակչության, ներառյալ մի խումբ երեխաների և կանանց ֆիզիկական անվտանգության համար: Տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Արտակ Բեգլարյանը հավելել է, որ Պաշտպանության բանակի և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել, սակայն ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար:

«Այս պահին ռուսական խաղաղապահները բավականին մեծացրել են իրենց ներկայությունն այնտեղ, բանակցություններ են ընթանում, սակայն գլխավոր խնդիրն ինձ համար և մեզ համար այս պահին այն է, որ մեր քաղաքացիները Հին Շեն գյուղում են գտնվում, կարծես թե չեն ցանկանում լքել գյուղը: Դեպքեր եղել են, որ կարողացել են նաև դուրս գալ, բայց որոշակի սահմանափակումներ մուտքի և ելքի առումով եղել են, և, բնականաբար, նրանք ցանկանում են, որ ադրբեջանցիները հեռանան, և որևէ խնդիր չստեղծվի»,- ասել է Արտակ Բեգլարյանը:

Աղբյուր՝ 1lurer.am