«Պայթյունը կամ հրդեհը ոչ մի առնչություն չունի Գոհար Առաքելյանի պահեստի հետ, որտեղ գտնվել է ենթադրենք 5 կամ 8 արկղ տորթի հրավառելիք»

Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների՝ Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնի վարչական շենքից 2019թ․ մայիսից 116 քմ վարձակալած «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2019թ․ սեպտեմբերին Ֆինանսների նախարարությունում հաշվառվել է որպես հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնող կազմակերպություն:

Aravot.am-ին հայտնի է դարձել, որ Գոհար Առաքելյանն արդեն մոտ մեկ տարի է՝ Հայաստանում չէ, առողջական խնդիրներով ՌԴ է մեկնել: Նրա ԱՁ լիազոր ներկայացուցիչն այժմ Աբրահամ Միքայելյանն է:

                                                     Աբրահամ Միքայելյան

«Օրենքով սահմանված հրագործական նյութերի ներմուծում, արտադրություն, վաճառք կետի տակ ներառված են տորթի համար նախատեսված փոքր մոմերից մինչեւ օրինա՝կ հինգ միլիոն դրամ արժողությամբ հրավառություն: Բոլորը ներմուծվում է այդ նույն կետի դրույթների համաձայն: «Գոհար Առաքելյան» ԱՁ-ն միմիայն ներմուծել է տորթի համար նախատեսված «սալյուտներ», որի համար կան բոլոր օրինական փաստաթղթերը, մաքսազերծման հայտարարագրերը: Ներմուծման եւ վաճառքի համար ունենք Ֆինանսների նախարարության կողմից տրված թույլտվությունը, որի համար ամեն տարի վճարում ենք պետական տուրք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Աբրահամ Միքայելյանը:

Ըստ նրա՝ «Գոհար Առաքելյան» ԱՁ-ի կողմից ներկրված ապրանքների 90 տոկոսը խաղալիք ու գրենական պիտույք է. «Տարին մեկ կամ երկու տարին մեկ անգամ կարող ենք ներմուծել քսան-երեսուն արկղ տորթի հրավառելիք, որը խաղալիքների հետ ենք վաճառում: Մեր ԱՁ-ի կողմից ներմուծվել է այսքանը»:

Աբրահամ Միքայելյանը նաեւ պարզաբանել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունը եղել է երկրորդ հարկում, իսկ իրենց պահեստը հինգերորդ հարկում է, ընդ որում՝ հինգերորդ հարկի այն հատվածում, որը պայթյունից հետո էլ կանգուն է. «Հետեւություն, պայթյունը կամ հրդեհը ոչ մի առնչություն չունի Գոհար Առաքելյանի պահեստի հետ, որտեղ գտնվել է, ենթադրենք 5 կամ 8 արկղ տորթի հրավառելիք։ Հրդեհի սկզբնաղբյուրը մեզ մոտ չէ, հրդեհի սկզբնաղբյուրը երկրորդ հարկում է, կրկնում եմ՝ Գոհար Առաքելյանի պահեստը 5-րդ հարկում»:

Աղբյուրը՝ Aravot.am


Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հարցաքննված տասնյակ տնտեսվարողներից է նաեւ խաղալիքների եւ տորթերի հրավառելիքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Գոհար Առաքելյան» ԱՁ ներկայացուցիչ Աբրահամ Միքայելյանը:

«Սուրմալուում» նա վարձակալել է մոտ 100 քմ տարածությամբ խանութ եւ մոտ 600-800 քմ տարածությամբ պահեստ: Aravot.am-ի հետ զրույցում նա ասել է, որ պահեստային տարածքների վարձակալության ամսավճարն ավելի քիչ է, քան խանութի համար հատկացվող տարածքինը: Պահեստի եւ որպես խանութ ծառայող տարածքի համար Միքայելյանն ամեն ամիս վճարել է 750.000 դրամ:

Պայթյունի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Միքայելյանի պահեստում գտնվող ապրանքը. «Մեր վնասի չափը ապրանքներն ինքնարժեքով, որ հաշվում ենք, նախնական գնահատմամբ՝ կազմում է 250 միլիոն դրամ եւ ավելի. պահեստում եղած ամբողջ ապրանքն այրվել է: Փոխհատուցման առումով այս պահին կոնկրետ ոչ մեկից ակնկալիք չունենք, չենք էլ հետաքրքրվում, որովհետեւ վստահ ենք, որ ոչ մի տեղից ոչ մի փոխհատուցում չի լինի: Անցած տարի էլ ապրիլի 6-ին տեղի ունեցավ հրդեհ, այրվեց 18 տաղավար: Հրդեհը սկսել էր մեր տաղավարից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող տաղավարից, հոսանքի շիթը բռնկվել էր, մտել էր առաջին խանութ ու տարածվել ամբողջ շենքով: Էնքան վատ են աշխատում, որ անվտանգության աշխատակիցները նույնիսկ մարդկանց համարները չեն ունեցել, որ տեղեկացնեն, թե շենքի այն ծայրից կրակ է բռնկվել, հասեք ձեր խանութներից, ինչ կհասցնեք հանեք: Մեզ լուսաբացին զանգեցին ոստիկանությունից, ասացին՝ կայանած մեքենա ունեք, հրշեջների աշխատանքին խանգարում է: Երբ հասանք Սուրմալու, տեսանք՝ մեր խանութն արդեն 100 տոկոսով այրվել է, չենք կարող բացել, մտնել ներս կամ ինչ-որ բան փրկել: Առաջին հրդեհից մեր վնասը կազմել էր մոտ 80 միլիոն դրամ:

Փոխհատուցումի՞ց ենք խոսում, եկեք տեսնենք՝ ինչ է արել տնօրինությունը, ինչ ենք արել մենք: Իրենք վերանորոգել են միմիայն խանութի ճակատային հատվածը, որը մոտ վեց մետր է, տեղադրել են մետաղապլաստիկե դուռ ու մեկ լուսամուտ, մաքրել են այրված ապրանքների մնացորդները: Մենք տրամադրված տարածքը ամբողջությամբ վերանորոգել ենք մեր ուժերով: Ըստ պայմանագրի՝ որպես փոխհատուցում տվել են վեց ամիս չվճարելու վարձակալության վճարը, բայց մինչեւ մենք այդ մոխրակույտը, վառված պատերը նորոգել ենք, անցել է մոտ 4,5 ամիս: Էդ փոխհատուցումը փաստորեն կազմեց 1.5 ամսվա վարձավճարի չափը՝ մեկ միլիոն դրամ, բայց վնասը կազմել էր 80 միլիոն դրամ:

Փոխհատուցում ասվածը ոչ մի բան էր, կարելի էր իրենց ասել՝ էդ էլ ձեզ նվեր, ձե՞ռ եք առնում: Միշտ էլ վարձակալների բողոքները եղել են, մի խանութում հոսանքներն է վատթար վիճակում, մյուսում տանիքից ջուր է կաթում: Մեր վարձակալած պահեստն էլ է վերջին հարկում ու ամեն գարուն, աշուն, երբ անձրեւ կամ ձյուն էր գալիս, ջուրը կաթում էր մեր հոսանքների վրա: Երբ ասում էինք՝ եկեք, սարքեք, գալիս էին մի լոկալ տարածք սարքում, գնում, ինչը տեւում էր 5-10 օր: Հաջորդ անձրեւից հետո նորից ջրի կաթոցներ: Բոլորի մոտ նմանատիպ խնդիրներ կան, ում մոտ չկա, էդ խնդիրը վերացնում է տնտեսվարողը: Հիմնարկության տրամադրածը չորս պատ է՝ առանց որեւէ կոմունիկացիայի»: Մեր զրուցակցի խոսքով, օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո ամբողջ երկինքը հրավառություն էր մոտ տասը րոպե տեւողությամբ. «Դա իրոք վկայում է այն մասին, որ այնտեղ եղել է պահեստ, որտեղ պահվել են մեծ քանակությամբ դրսում կրակվող սալյուտներ»: «Սուրմալուի» գործադիր տնօրենն էլ «Առավոտի» հետ զրույցում ասել է, որ երբ քննությունը պարզի պայթյունի պատճառներն, ինքն այդ ժամանակ կխոսի ու անջատել է հեռախոսը:

                                                                   Ռազմիկ Զախարյան

Aravot.am-ի տեղեկություններով, արդեն երկու տարի է՝ առեւտրի կենտրոնի վարձակալները չեն տեսնում «Սուրմալուի» սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, լսել են, որ առողջական խնդիրներ ունի. «Շուկայի տնօրինությունը միայն իր պայմանագրով նշված գումարի տերն է, վերցրեց, գնաց, խանութդ կփլվի, չգիտեմ հրդեհ կընկնի, ինչ ասես կլինի, բոլոր ֆինանսական հարցերով պետք է զբաղվի տնտեսվարողը: Ինքը միայն իր փողի տերն է, եկավ ամսի 1-ը՝ պարտադրում է մուծել, չես մուծում՝ զանգում են, մարդ են ուղարկում, բայց մնացած ոչ մի հարցով հետաքրքրվող չկա: 100 տոկոսով գերշահույթ են ստանում, իհարկե, որովհետեւ միայն վարձավճար հավաքել ու գումար չծախսել ոչ մի բանի համար, արդեն գերշահույթ է»:

Աղբյուրը՝ Aravot.am