Չենք պատրաստվում անել այն, ինչ տարբեր վերլուծաբաններ սպասում են․ Զոհրաբ Մնացականյան

«Ժողովրդավարությունն անվտանգության տարր է դառնում»․ Հանրային հեռուստատեսության «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով՝ արտաքին գործերն ընտրված ռազմավարական գծով առաջ տանելու համար ժամանակ և համբերություն է պետք․ «Մենք համբերություն ունենք, և մեր գիծն իրավահավասար սկզբունքով առաջ ենք տանելու»։

Մնացականյանը ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման-զարգացման ռազմավարությունը։ «Մենք մտադիր ենք այդ ամենը խորացնել զարգացնել՝ որպես իրավահավասար կողմեր»,- ասել է նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում  Հայաստանի առջև ծառացած դժվարություններին՝ Մնացականյանը հիշեցրել է․ «Մենք շատ հստակ էինք, երբ ասացինք, որ մեր ներքին-իրավական հարցերը պետք է տարանջատենք ՀԱՊԿ-ին վերաբերող մյուս հարցերից․․․ Մենք գնացինք այդ ուղղությամբ․ մենք նախաձեռնեցինք, որ վաղաժամ դադարեցվեն գլխավոր քարտուղարի լիազորությունները»։

Հաղորդավարի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն մի կառույց է, որտեղ երկրների ղեկավարները լրիվ այլ աշխարհայացք ունեն, ուրիշ մոդելի երկիր են կառուցում և հակադրվում են աշխարհին, իսկ ՀՀ գործող ղեկավարը մշակութաբանորեն չի տեղավորվում այդ մարդկանց ակումբում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Մենք արել ու անելու ենք նույնը՝ սկսած վարչապետից. ծառայեցնելու ենք արտաքին հարաբերությունները տարբեր գործընկերների շահերը մեր երկրի շահերին։ Բոլոր գործիքները աշխատեցնում ենք։ Մենք չենք պատրաստվում անել այն, ինչ տարբեր վերլուծաբաններ ենթադրում կամ սպասում են»։