Հյուսիսային պողոտայի մի հատված կդարձնեն Եվրոպայի հրապարակ

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն անվանակոչել Եվրոպայի հրապարակ։ Երևանի ավագանու որոշման նախագիծը հրապարակվել է քաղաքապետարանի էջում։

Երևան քաղաքի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացվել է  արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պ. Հովհաննիսյանի կողմից։

Ըստ նախագծի, հաշվի առնելով՝ ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ և օրինակելի համագործակցությունը, ինչպես նաև մեր երկրի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության դերի և կշռի բարձրացման գործում, Հայաստանի կողմից այս առաջարկը կյանքի կոչելը ԵԽ-ին և դրա արժեքներին մեր երկրի հավատարմության վերահաստատման կարևոր վկայություն կհանդիսանա:

«2019թ. նշվում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հիմնադրման 70-ամյակը: Այս հոբելյանը տեսանելի և հիշարժան դարձնելու համար ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել՝ կառույցը տեղակայած Ստրասբուրգ քաղաքում և ԵԽ անդամ երկրներում համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար:

Այդ նպատակով ԵԽ նախարարների կոմիտեի 2018թ. հունիսի 20-ի նիստին մասնավորապես առաջարկվել է անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որևէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ»,-ասված է նախագծում։

Նշվում է, որ մարտի 26-28-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրապարակի բացման արարողություն:

 

Աղբյուր` Panorama.am