Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի. դատարանը վերադարձրել է հայցադիմումը, հետո նորից մուտքագրել

Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է: 

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Հայարփի Զարգարյանի, ծանոթանալով Ռոբերտ Քոչարյանի հայցին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ուսումնասիրելով դատարան ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հանգել է այն եզրակացության, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման, որովհետև չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները»,- ասվում է հաղորդագրությունում: Այդուհանդերձ, հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան և մուտքագրվել։