Արթուր Ալեքսանյանը մերժել է բարձր աշխատավարձով այլ երկրների դրոշի ներքո հանդես գալու առաջարկները

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մերժել է այլ երկրների դրոշների ներքո հանդես գալու մի շարք առաջարկներ:

Տեղեկությունը  հաստատել է նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, ով նաեւ նրա անձնական մարզիչն է:

Վերջերս հայտնի էր դարձել, որ մարզիկը բարձր աշխատավարձով Քաթարը ներկայացնելու առաջարկ է ստացել ու չի համաձայնվել: Հայրն ընդգծում է, որ դա միակ դեպքը չէ:

«Արթուրին միայն Քաթարից չէ, որ եղել են առաջարկներ: 2012 թվականից, երբ առաջին անգամ հաղթեց Եվրոպայի առաջնությունում, մինչեւ օրս տարբեր տեղերից առաջարկներ են եղել՝ այլ երկրներից հանդես գալու: Ընդհուպ եղել է երկիր, որ մի քանի անգամ ասել է՝ դեռ ուժի մեջ է մեր հրավերը»,- ասել է նա:

Մարզիչը չի ցանկացել նշել, թե այդ երկրներն ինչ գումարներ են առաջարկել: Չի ուզել նաեւ թվել, թե կոնկրետ որ երկրներից են դիմել իրենց:

Նշել է, որ մեկը չէ, երկուսը չեն, շատ են: Քաթարն էլ վերջինը չէ: Դրանից հետո այլ առաջարկ է եղել, որը նույնպես մերժել են: Իսկ պատճառն այն է, որ Արթուրը ցանկանում է իր երկիրը ներկայացնել:

«Մենք ուզում ենք մեր երկրից հանդես գալ՝ մեր երկրի դրոշի տակ, որովհետեւ ամեն մարդ իր երկրում է հզոր: Իմ կարծքով՝ այլ երկրում մենք ընդամենը լեգիոներ կլինենք»,- ասաել է նրա հայրը:

Վերջին ամիսներին Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ-ում էր: Նա սեփական միջոցներով բուժում էր վնասվածքները:

Այս օրերին հավաքականի հետ Երեւանում՝ «Օլիմպավանում», մասնակցում է հավաքի: Լիարժեք մարզվում է, սակայն ապրիլին կայանալիք Եվրոպայի 2019 թ. առաջնությանը չի մասնակցի:

Նրա նպատակն աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:

 

Աղբյուրը՝ armtimes.com