ՀՖՖ-ի հայտարարությունը Աբրահամ Խաշմանյանի և Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ:

««Արարատ» ՖԱ ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն, իրոք, բողոք-նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշելով, որ «Արարատ» ՖԱ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ թույլ տվել իր նկատմամբ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մարմիններն արդեն լսել են երկու կողմերի բացատրությունները և ներկայումս զբաղվում են գործի ուսումնասիրությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի «Արարատի» հարավաֆրիկացի հարձակվող Մպումելելո Դադիբոյ Զվանեն դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հայտարարելով, որ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն իրեն ծեծի է ենթարկել: