Ի՞նչի պատճառով էր բռնկվել SSJ-100 ինքնաթիռը Շերմետևոյում. մանրամասներ են հայտնի դարձել

Ինքնաթիռը կոպիտ վայրէջք է կատարել։ Գետնին հարվածելու հետևանքով այն բռնկվել է։

Մասնագետները վերականգնել են ինքնաթիռում տեղի ունեցածի պատկերը։ Խոսքը Sukhoi Superjet 100 (SSJ-100) ուղևորատար ինքնաթիռի մասին է, որը բռնկվել էր մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ։ Այս մասին այսօր հայտնում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով` ողբերգության պատճառը կայծակն է, որը խփել է օդանավին, ինչի պատճառով անջատվել է ինքնաթիռի էլեկտրական գեներատորներն ու ավտոմատիկան, այդ թվում`ավտոպիլոտը։ Չնայած դրան, մասնագետների խոսքով, նման իրավիճակն ամենևին էլ հրատապ վայրէջք չէր պահանջում. ինքնաթիռը կարող էր օդում գտնվել բավարար ժամանակ, որպեսզի օդաչուները կարողանան այն հանգիստ նստեցնել այն մոտակա օդանավակայանում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև երկրորդ պտույտը կատարեն։

Բայց օդաչուները որոշում են կայացրել վերադառնալ օդանավակայան։ Վայրէջք կատարել հաջողվել է միայն երկրորդ փորձից` պահպանելով անհրաժեշտ արագությունը։ Սակայն ինքնաթիռն անցել է վայրէջքի հաշվարկային կետը և, հասնելով թռիչքուղու մեջտեղը, այդպես էլ գետնին անիվներով չի կարողացել դիպչել, ինչի պատճառով SSJ-100 անձնակազմը սկսել է այն ներքև «սեղմել»։

Արդյունքում, հետաքննության տվյալների համաձայն, վայրէջքից առաջ օդաչուները կտրուկ ավելացրել են շարժիչի աշխատանքի ռեժիմը և իջեցրել քիթը։ Բախման հետևանքով շասսիի առջևի կանգնակը սեղմվել է և օդանավը վեր թռցրել, ինչից հետո տեղի է ունեցել թռիչքուղուց ետ ցատկումների շարքը։ Շասսիի հետևի կանգնակները սեղմել են մեքենայի վառելիքի բաքերը, որտեղից կերոսին է թափվել և հրդեհի պատճառ դարձել։

Sukhoi Superjet 100 ինքնաթիռը Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնում էր մայիսի 5-ի երեկոյան։ Օդ բարձրանալուց 28 րոպե անց այն վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով։ Նախնական տվյալներով` ինքնաթիռին կայծակ է հարվածել, որից հետո կորել է ռադիոկապը։

Ինքնաթիռը կոպիտ վայրէջք է կատարել։ Գետնին հարվածելու հետևանքով այն բռնկվել է։ Օդանավում 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է եղել։ 41 մարդ մահացել է։ Քրեական գործ է հարուցվել։

 


Աղբյուրը` armeniasputnik.am