Լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի գործով դատական նիստը

Դատարանն ընդմիջում հայտարարեց` առաջացած խնդիրը լուծելու համար։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննության այսօրվա դատական նիստը քիչ առաջ լրագրողները բոյկոտեցին։

Խնդիրն այն է, որ կես ժամից ավելի է, ինչ սկսվել է դռնբաց դատական նիստը, սակայն նիստերի դահլիճում ոչինչ չէր լսվում։ Լրագրողներին թույլ չէին տալիս նաև բարձրախոսները ներսում տեղադրել, որպեսզի դատական նիստի ելույթները լսվեն։ Խնդրի մասին քանիցս բարձրաձայնվեց, դատարանի աշխատակիցները փորձեցին լուծել ձայնի խնդիրը, սակայն այն չլուծվեց, իսկ դատական նիստը շարունակվում էր։

Այսպիսով, լրագրողները բոյկոտեցին նիստը և դուրս եկան դահլիճից, իսկ դատարանն ընդմիջում հայտարարեց` խնդիրը լուծելու համար։

Հիշեցնենք, որ այսօր դատարան կներկայանան Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու գործող նախագահ Բակո Սահակյանը։

Նշենք, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Դատավարությունը մեկնարկել է մայիսի 13-ին։


Աղբյուրը` armeniasputnik.am