Սրբուկն ունեցավ շատ լավ ելույթ. այսօր տեղի կունենա Եվրատեսիլ 2019 մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը

Նախօրեին տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժյուրիի շոուն: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից:

Հայաստանյան պատվիրակ Սրբուկն ունեցավ շատ լավ ելույթ՝ ցուցադրելով իր վոկալային տվյալների ողջ գունապնակը. «Շատ ոգևորված եմ. առաջին համարի ներքո ելույթ ունենալն անչափ պատասխանատու է։ Երբ լսեցի հանդիսատեսի ծափողջույներն ու տեսա դահլիճի ոգևորվածությունը, էլ ավելի լիցքավորվեցի։ Մնում է սպասել ժյուրիի քվեարկության արդյունքներին։ Լիահույս եմ, որ նրանք ևս հավանեցին իմ ելույթը»,- նշեց Սրբուկը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին Սրբուկը ելույթ կունենա առաջին համարի ներքո: Բեմադրող ռեժիսոր Արթուր Մանուկյանի մտահղացմամբ՝ Սրբուկը բեմում հանդես է գալու միայնակ. «Սրբուկն այնքան ուժեղ էներգետիկա ունի, որ կարող է միայնակ լցնել ամբողջ բեմը: Մենք նման որոշում ենք կայացրել, քանի որ ցանկանում ենք, որ ներկաների ողջ ուշադրոթյունը կենտրոնացած լինի միայն մեր երգչուհու վրա»,- նշեց ռեժիսորը: Բեմադրության կուլմինացիոն հատվածում հեռուստադիտողին անակնկալ է սպասվում: Սրբուկը դահլիճում «մնալու է» միայնակ՝ առանց հանդիսատեսի: Նման հնարքն օգտագործվելու է երգի էմոցիոնալ լարվածությունն առավել ուժգնացնելու նպատակով: Ելույթի ընթացքում օգտագործվելու են նաև ժամանակակից գրաֆիկական լուծումներ և լուսային էֆեկտներ:

Մրցույթը կարող եք դիտել այոօև՝ ժամը 23:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Սրբուկի օգտին կարող են քվեարկել միայն երկրորդ կիսաեզրափակչի մասնակից երկների, ինչպես նաև Գերմանիայի, Իտալիայի և Անգլիայի բնակիչները: Քվեարկության համարները հասանելի են eurovision.am կայքում: Երկրորդ կիսաեզրափակչում ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Հայաստան, Իռլանդիա, Մոլդովա, Շվեյցարիա, Լատվիա, Ռումինիա, Դանիա, Շվեդիա, Ավստրիա, Խորվաթիա, Մալթա, Լիտվա, Ռուսաստան, Ալբանիա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա և Ադրբեջան: Մեր մասնակցի «Walking out» երգի տեսահոլովակը մրցույթի youtube-յան ալիքում ունի ավելի քան 5.1 մլն դիտում: Երգի խոսքերի հեղինակն է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտության համահեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան):

 

Աղբյուրը` armtimes.com