Ապրիլյան պատերազմի մասին ՊՆ ուսումնասիրությունը կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին. Տոնոյան

«Եթե հանրային պահանջ կա, կարծում եմ՝ կա նաև ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Դիտարկմանը, թե իր կարծիքով կա՞ հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջ, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքներում, իմիջիայլոց, նաև այն հարցերը, որոնք հակառակորդի տեղեկատվության գործողություների արդյունքում են առաջացել մեր հասարակության մեջ, դրանք կփարատվեն»:

Հարցին՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունների մասին, արդյոք դրանք արժանահավա՞տ են, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ ուսումնասիրություններն առկա են և կտրամադրվեն հանձնաժողովին:

«Դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէ։ Այդ վերլուծությունը կտրամադրվի հանձնաժողովին»,- ընդգծեց նա։

Նշենք, որ խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող, որն ուսումնասիրելու է 2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները:


 

Աղբյուր` Panorama.am