Վրաստանում վթարից տուժած երեխան գիտակցության է եկել

Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երևան, գիտակցության է եկել։ 

«Հանվել է նաև արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրյուն: Հաջորդ շաբաթ եթե վիճակը կայուն լինի` կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է»,-հայտնում են բժշկական կենտրոնից։ 

Ավելի վաղ կենտրոնից տեղեկացրել էին, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղան լիարժեք առողջ  այսօր դուրս գրվեց հիվանդանոցից: Նրան ուղեկցում են նրան բուժող բժիշկները։

Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ձախ քունքային բլթի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի ոսկրի կոտրվածք: Ձախ թոքի սալջարդ:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

 

Աղբյուր` Panorama.am